Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Բեմադրությունները ներկայացնում ենք փոքր սենյակում, որը մեզ համար և՛ դահլիճ է, և՛ փորձասենյակ, և՛ հավաքատեղի»

«Բեմադրությունները ներկայացնում ենք փոքր սենյակում, որը մեզ համար և՛ դահլիճ է, և՛ փորձասենյակ, և՛ հավաքատեղի»
13.11.2015 | 11:18

Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը Հայաստանի գրողների տանը ներկայացրեց «Հարության ժամանակը» բեմադրությունը՝ ըստ արցախցի բանաստեղծ Ռոբերտ Եսայանի համանուն գրքի:
Ներկայացման ռեժիսորը ԼՂՀ ժողովրդական արտիստ ԼԵՈՆԻԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է, ում նախաձեռնությամբ 2008-ին հիմնվել է Շուշիի պետական թատրոնը: «Ժանրային առումով մեր թատրոնն իր փոքրիկ եզակիությունն ունի. մենք բեմադրում ենք դրամատիկ, մանկապատանեկան, պոեզիայի և տիկնիկային ներկայացումներ: Դերասաններն ութն են: Մեր օրերում գումարն ու վերաբերմունքը չեն բավականացնում, որ ընդլայնվենք ու ամրապնդվենք որպես թատրոն»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց ռեժիսորը:
Արցախում գործում է նաև Ստեփանավանի մայր թատրոնը: Թե՛ Ստեփանավանի, թե՛ Շուշիի թատրոնները դահլիճ չունեն: «Բեմադրությունները ներկայացնում ենք փոքր սենյակում, որը մեզ համար և՛ դահլիճ է, և՛ փորձասենյակ, և՛ հավաքատեղի: ՈՒնենք նաև տիկնիկային ներկայացումների համար նախատեսված 56-տեղանոց դահլիճ, որտեղ երբեմն կամերային դրամատիկ ներկայացումներ ենք ցուցադրում, օրինակ` Չեխովի «Առաջարկությունը»: Բեմը փոքր է, բավարարում է»:
Իսկ ահա հանդիսատեսի պակաս Շուշիի թատրոնը չունի: Արցախցին չափազանց թատերասեր է` գյուղերից սկսած: «Վերևներում» էլ ուշադրություն կա, բայց բավարար չէ:
Վերադառնալով օրվա ներկայացմանը, նշենք, որ «Հարության ժամանակը» բեմադրվել է երեք տարի առաջ, մասնակցել է մի շարք թատերական փառատոների, ցուցադրվել Կապանում, Գորիսում, Արմավիրում, Երևանում:
ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆԻ կարծիքով` պոեզիան վերերկրային երևույթ է և կարիք չունի միջնորդ արվեստի, բայց մեր ժամանակներում, երբ որոշակի անտարբերություն կա ընթերցանության նկատմամբ, թատրոնի միջնորդությունը բավականին կենդանի հաղորդակցություն է ստեղծում. «Լավ գաղափար է: Նպատակ կա գրողների միությունում պոեզիայի թատրոն ստեղծելու: Կարծում եմ` շատերը պոեզիա չեն ընկալում, որովհետև չեն տիրապետում պոեզիայի լեզվին, բառապաշարին: Այդ բառերը նրանց համար բառարաններում են մնում, բայց բանաստեղծը դրանք բառարաններից հանում է ու կյանք տալիս»:
«Հարության ժամանակը» ժողովածուն ընդգրկում է Ռոբերտ Եսայանի տարբեր տարիների բանաստեղծությունները: Թեմաները տարբեր են` հայրենիք, սեր, ժամանակի տագնապներ: «Ես պոեզիայի միջոցով ասում եմ այն, ինչ զգում եմ ու միշտ մտածում եմ նոր ծնվող բանաստեղծությունների մասին»,- նշեց զրուցակիցս: «Ինչո՞վ է առանձնանում արցախցի գրողի պոեզիան»` հարցին ի պատասխան ասաց. «Նույն հայկական ոգին է, հայկական մտածողությունը, հնարավոր է` տագնապներն են ավելի սուր»:
ՀԳՄ քարտուղար ՊԵՏՐՈՍ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ փոխանցմամբ` պոեզիայի թատրոններ կան Վանաձորում, Երևանում. «Բայց այսօր ոչ գիրք են ուզում կարդալ, ոչ էլ ուզում են պոեզիա լսել: 70-ականներին Ալլա Պուգաչովան երազում էր երգի թատրոն ստեղծելու մասին: Թույլ չէին տալիս: Իր երազանքը նա իրականացրել է «պերեստրոյկայից» հետո: Հիմա ազատ է, ամեն մարդ կարող է ստեղծել երգի, պոեզիայի թատրոն: Խնդիրն այն է, որ լսարանն է փոքր»:
Արցախցիների բեմելը կայացավ գրողների տան դահլիճում: Ենթադրաբար այն հասցեագրված էր ոչ միայն երևանյան թատերասեր հասարակությանը, այլև գրողներին: ՀԳՄ-ն 400-ից ավելի անդամ ունի, դրանց մի մասը պոետ է: Գոնե պոետներին հետաքրքիր չէ՞ր, թե ինչպես է ներկայացման վերածվել իրենց գրչընկերոջ բանաստեղծական ժողովածուն: Կարելի էր և՛ դրվատանքի խոսք ասել, և՛ քննադատել, ի վերջո, մի քիչ ջերմություն հաղորդել միության չվերանորոգված սառը դահլիճին և Արցախից ժամանած հյուրերին:
Հավելենք, որ իր գոյության 7 տարվա ընթացքում Շուշիի թատրոնը բեմադրել է շուրջ երկու տասնյակ ներկայացում, հյուրախաղեր ունեցել Արցախում և Հայաստանում, մասնակցել տարբեր փառատոների, արժանացել ոսկե մեդալի, դիպլոմների, պատվոգրերի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ